ՀՀ-ն և Կորեան ձեռք են բերել առողջապահության ոլորտում համագործակցության գործնական պայմանավորվածություններ

Armenpress 16:37, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը և  ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանը պաշտոնական այցով գտնվում են Կորեայի Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսօր Ասիական զարգացման բանկի աշխատաժողովի շրջանակներից դուրս պաշտոնական հանդիպում է կայացել Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարարի տեղակալ Քանգ Դոտաեի գլխավորությամբ:

«Այս հանդիպումը կարելի է համարել Հայաստանի առողջապահության նախարարության հետ հարաբերությունների ձևավորման պատմական մեկնարկ»,- նշել է  Քանգ Դոտաեն:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել ոլորտի ամենատարբեր բնագավառներում`այդ թվում  էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ, նաև քննարկվել են Հայաստանում` առողջապահության բնագավառում ներդրումների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Կորեայում մշակված տեխնոլոգիական լուծումների օգտագործումը մեր երկրում:

Հարկ է նշել, որ  Կորեայի Հանրապետության և անկախ Հայաստանի պատմության մեջ առողջապահության նախարարությունների պաշտոնական առաջին հանդիպումն է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am