Արտաբյուջետային միջոցների գոյությունը նախատեսվում է սահմանափակել

Armenpress 10:31, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Արտաբյուջետային միջոցները կդառնան պետական բյուջեինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արտաբյուջետային հաշիվների ներառումը հաջորդ տարվա բյուջեի նախագծում շատ կարևոր է: Միշտ քննարկվել է, որ արտաբյուջետային գործառնությունները ռիսկ են ներառում: Եվ որպեսզի դրանք փարատված լինեն, ներառել ենք նախագծում: Սակայն  այժմ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Տրամաբանությունը պարզ է, այն, ինչ ենթադրվում է,  որ պետք է լինի պետական բյուջեի եկամուտ, կլինի պետական բյուջեինը»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց, թե ենթադրվում է, որ շուտով այդ նախաձեռնությունը կներկայացվի ԱԺ:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ծախսերի հարցը կքննարկվի ընդհանուր համատեքստում՝ գերակայություններից կախված, ոչ թե կապված կլինի գերատեսչության գեներացրած եկամտի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am