Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է. Դավիթ Տոնոյան

Armenpress 15:58, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի  քննարկումից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Սահմանին լարվածությունը բավականին նվազել է Դուշանբեի պայմանավորվածություններից հետո: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ՝ հեռախոսակապ: Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների իրականացման դեպքում ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն»,-ասաց Տոնոյանն ու նշեց, որ մինչ այս պահն այդ կապը եղել է կառուցողական:

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անմիջական կապ չկա:  Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե ադրբեջանական կողմից աշխատանքներ են կատարվում, որոնք ուղղված են լինում դիրքերի բարելավմանը, հայկական կողմն անմիջապես արձագանքում է:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Խոսակցության ընթացքում արձանագրվել էր նաև  բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am