Իսպանացի ֆիզպատրաստության մարզիչը՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում  

Armenpress 10:20, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Մասնագետ Խավիեր Մինյանոն համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար: 

Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն: 

Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիքթաշում» և իսպանական «Ռասինգում», իսպանացու վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am