Ուգանդայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել ընդունելությանը հունական աստվածների հագուստ կրելու համար

Armenpress 15:40, 3 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ուգանդայում երկրի դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ կանչելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Արտգործնախարարը հայտնել է, որ սկսվել է հետաքննություն հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում կազմակերպված ընդունելության առնչությամբ: Բանն այն է, որ ընդունելությանը Թուրքիայի դեսպան Յավուզալփը և դեսպանության քարտուղարը կրել են հունական առասպելական աստվածների հագուստ: Այս փաստը մեծ զարմանք էր առաջացրել ներկաների շրջանում, իսկ ավելի ուշ, երբ լուսանկարները հայտնվել էին համացանցում, արդեն օգտատերերն էին իրենց տարակուսանքը հայտնել փաստի առնչությամբ:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ սկսված հետաքննության շրջանակում դեսպանը կանչվել է Անկարա: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am