Կառավարությունը համաներումով իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին. Արտակ Զեյնալյան

Armenpress 13:47, 2 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ,  2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պարզաբանում է, որ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքն արդարադատական ակտ չէ. դրանով կառավարությունը իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին:

«Արմենպրես» լրատվական գործակալության սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյան անդրադարձավ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կարգավորումներ են նախատեսված, երբ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ այն պարագայում, երբ համաներումը տարածվում է նաև  քննչական մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի վրա: «Այս համաներումն արդարադատական ակտ չէ: Այս համաներումով մենք չենք վերանայում կամ գնահատական չենք տալիս: Իրավական գնահատական չենք տալիս դատական ակտերին, դրանց օրինականությունը չենք վիճարկում: Մենք ընդամենը որոշակի կատեգորիայի մարդկանց ազատում ենք պատժից կամ հետապնդումից: Եվ այս անձինք մինչև իրենց կյանքի վերջ, որոշ դեպքերում՝ նաև նրանց սերունդները,  կարող են վիճարկել դատական ակտերի օրինականությունը և հասնել արդարացման: Որևէ կերպ մեկը մյուսի հետ չի առնչվում»,- մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ իրենք կողջունեն, եթե լինեն գրագետ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ կամ ընդհանրապես դիմումներ, որոնք հանգեցնեն դատական ակտերի վերանայման: «Դրա համար կան պրոֆեսիոնալ իրավապաշտպաններ, ովքեր ունեն այդ գիտելիքները և կկարողանան հասնել վերաբացման այս գործերով: Հայաստանում այդ գործերի վերաբացման մեխանիզմնեը և իրավական հիմքերը կան, և այդ անձինք,  բացի հրապարակային խոսելուց,  կարող են ուղղակի նստել համակարգչի առջև և շարադրել այդ թեզերը, շարադրել գանգատները և հասնել գործերի վերաբացման»,- ասաց նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am