Վարկային տոկոսադրույքները նվազել են

Armenpress 14:30, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բիզնես վարկավորման մակարդակն ընթացիկ տարում աճել է շուրջ 10 տոկոսով կամ 155 մլրդ դրամով: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչը նշանակում է, որ մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ: Ի դեպ, այն փաստը, որ բանկային ավանդները նույնպես շոշափելի աճ են արձանագրել, որոշ բացասական մեկնաբանության տեղիք տալիս է: Դրանց հեղինակները պնդում են, որ մարդիկ ներդնելու այլ տարբերակ չունեն և ուզած, թե չուզած բանկում ավանդ են դնում: Այս քննադատության մեջ, իհարկե, ռացիոնալության հատիկ կա, բայց ուզում եմ նաև ասել, որ ավանդների աճն է նաև պատճառը, որ վարկային տոկոսները Հայաստանում նվազում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

2018 թվականին ֆիզիկական անձանց տրվող դրամային վարկերի տոկոսադրույքը միջինը իջել է 2.9 տոկոսով, դոլարային վարկերինը՝ 1.2 տոկոսով: Բիզնեսին տրվող վարկերի տոկոսը դրամով իջել է 0.5 տոկոսով, դոլարով՝ 0.3 տոկոսով:

Հայաստանում անշարժ գույքի գործարքների թիվն աճել է 19.4 տոկոսով: Հիպոթեկային վարկավորման ծավալն այս տարի աճել է 10 տոկոսով:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am