ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանում լրագրողի առևանգման դեպքին  

Armenpress 14:25, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման դեպքին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԵԱՀԿ ներկայացուցիչը խորը մտահոգություն է հայտնել Իսլամօղլուի հետ պատահածի վերաբերյալ:

Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման պատճառը եղել են նրա քննադատական և ընդդիմադիր հայացքները:

Իսլամօղլուն հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ 3 օր առաջ ինքն առևանգվել է քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ապա տեղափոխվել ոստիկանական բաժանմունք և այնտեղ բռնության ենթարկվել:

Ոստիկանությունը ժխտում է լրագրողի ձերբակալման փաստը: Ոստիկանությունից պնդում են, որ իրենք ընդամենը «պրոֆիլակտիկ զրույց» են ունեցել լրագրողի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am