Ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներն առաջիկա ընտրություններում իրենց տեսնում են իշխանական ուժի ցուցակում

Armenpress 09:59, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները ցանկություն են հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի նախընտրական ցուցակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին պատգամավորները:

«Մենք կփորձենք որևէ կուսակցության միջոցով մեր թեկնածություններն առաջադրել: Ընդդիմության ցուցակով չենք մասնակցի, քանի որ ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանության հետ: Մենք մեր համայնքային բոլոր խնդիրները լուծում ենք իշխանության հետ: Եթե կընդունեն մեզ, մենք կլինենք նրանց ցուցակում»,-ասաց ՀՀԿ խմբակցության քրդական համայնքի պատգամավոր Կնյազ Հասանովն ու հավելեց, որ վերջնական որոշումը կհայտնի ներքաղաքական զարգացումներն ավարտվելուց հետո:

ՀՀԿ խմբակցության ասորական համայնքի պատգամավոր Արսեն Միխայլովը նշեց, որ միանշանակ մասնակցելու է սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Մենք կուսակցականներ չենք, ԱԺ ենք եկել քվոտայով՝ ազգային համայնքներից կողմից: Չենք կարող ասորական համայնքին Հայաստանում թողնել որպես ընդդիմություն: Ուստի մենք կլինենք իշխանական ուժի մեջ»,-ասաց Միխայլովը:

Հարցին՝ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակո՞ւմ կլինեն, նա պատասխանեց՝ ով էլ լինի իշխանություն, նրա հետ կլինեն: Միխայլովը բացառեց, որ իրենք կմասնակցեն Հանրապետական կուսակցության ցուցակով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց՝ խորհրդարանական ընտրություներին մասնակցության ցանկությունը կա, սակայն քանի դեռ ԱԺ-ն գործում է, դեռ չի չկարող այլ մանրամասներ ասել: Նա դեռ հստակ որոշում չունի, թե որ ուժի նախընտրական ցուցակով է ուզում մասնակցել:

Այս հարցում իշխանության տեսակետն իմանալու համար «Արմենպրես»-ը զրուցեց նաև իշխանական ուժի ներկայացուցչի հետ: ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժի ցուցակում, բնականաբար, կլինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: «Խմբակցությունների համար դա նաև պարտավորություն է՝ նախատեսված Ընտրական օրենսգրքով: Բացի պարտավորությունից, լավ հնարավորություն է, որ ազգային փոքրամասնությունները նույնպես ներկայացված լինեն մեր ցուցակում: Մենք համայնքների ներկայացուցիչների հետ կապի մեջ ենք և դիտարկում ենք տարբեր թեկնածուների հետ համագործակցություն»,-ասաց Նազարյանը:

Նրա խոսքով՝ անպայման չէ, որ իրենց նախընտրական ցուցակում լինեն այն ներկայացուցիչները, ովքեր ներկայում ԱԺ-ում են, թեև չբացառեց նաև նրանց մասնակցությունը: Նազարյանը նշեց, որ իրենք պատրաստ են ծանոթանալ նաև այլ ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվել էր առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից 7 օր հետո: Միակ թեկնածուն կրկի Նիկոլ Փաշինյանն է: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չընտրվի, խորհրդարանը կարձակվի իրավունքի ուժով, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am