Արմեն Ռուստամյանը բացառում է ԸՕ բարեփոխումների փաթեթը չընդունելու ուղղությամբ  ՀՅԴ-ի սաբոտաժը

Armenpress 17:33, 29 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի փաթեթը չընդունելու համար  ՀՅԴ-ի կողմից սաբոտաժ չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողներին վստահեցրեց մասին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 29-ին երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: 

«Եթե մի բան երկու անգամ չի ստացվում, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել: Քանի որ դրած էր դեկտեմբեր ամիսը եւ ամեն ինչ հարմարեցվում է դրան, այսպիսի բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած` ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սա սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որտեղ 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել: Ակնհայտ է, չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ եթե իրենց երկու պատգամավորներ չեն եկել, ուրեմն անձնական պատճառներ են ունեցել:  Ռուստամյանը չի կարողացել իրենց հետ կապ հաստատել, իրենք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան, սակայն նրանցից մեկը նախորդ անգամ քվեարկել էր:

Հարցին` արդյոք իրենց առաջարկները չընդունելու համար չէին ներկայացել նիստին, Ռուստամյանն ասաց, որ նախապես էլ ասել են, որ նախագծին համահեղինակ չեն կարող լինել, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել: «Մենք ասել էինք, որ կողմ ենք քվեարկելու, քանի որ առաջընթաց կա: Հիմա մենք մեղավոր ե՞նք, որ ամբողջ կազմով չենք եղել: Այդ  ձայն պակասելը նշանակում էր, որ նախագիծը պետք է բոլորի հետ համախոհությամբ անցներ: Մեր կողմից մեկ հոգի էլ կողմ քվեարկի, դա կնշանակի, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է: Անպայման պե՞տք է 100 տոկոսանոց լինի մասնակցությունը»,-ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բացակա պատգամավորները պատասխանատվության կեթնարկվե՞ն,  Ռուստամյանը ասաց, որ կտեսնեն, թե ինչ անձնական խնդիրներ են եղել, հարգելի են, թե՝ ոչ, ըստ դրա որոշում կկայացնեն:

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում  Ընտրական      օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ  պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: ՀՅԴ-ից բացակա էին երկու պատգամավոր:

Ալեն Սիմոնյանը ԸՕ բարեփոխումների փաթեթի չընդունումից հետո նշել էր, որ կան կոնկրետ անձինք, ովքեր սաբոտաժ են անում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am