«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն Ագրարային համալսարանի ուսանողների հետ կիսեց բիզնես-գյուղ փոխշահավետ համագործակցության լավագույն օրինակներից մեկի՝ «Գյուղից՝ սեղան»-ի հաջողության բանաձևը

Armenpress 11:15, 27 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենի համաշխարհային օրվա շրջանակում Ագրարային համալսարանում հյուրընկալվել էր գյուղատնտեսության և բիզնեսի միջև կապի լավագույն օրինակներից մեկի՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ով ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Գյուղից՝ սեղան» հայեցակարգի առանձնահատկությունները Հայաստանում՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Ավան գյուղի համագործակցության օրինակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա Հայաստանի Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը նշեց, որ ֆերմերային տնտեսությունների համար շուկայի լուրջ խնդիր կա, և այս պարագայում կարևոր է  փոքր և միջին տնտեսություններին համապատասխան շուկայի հասանելիության ապահովումը: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը յուրօրինակ է այս տեսանկյունից, որովհետև առաջինն էր, որ ստեղծելով գյուղական համայնքներում հավաքման կետեր, անմիջապես  որակյալ և թարմ մթերքները հասցնում էր երևանյան ռեստորաններ: Այսպիսով` շահույթի ահռելի  մասը, որը նախկինում բաժանվում էր միջնորդների միջև, այսօր գյուղացին կարող է ներդնել թե՛ իր անձնական խնդիրների լուծմանը, թե՛գյուղատնտեսության ոլորում իր գործունեությունը մեծացնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Արմեն Հարությունյանի խոսքով՝ նման դասախոսությունների անցկացումը  գյուղատնտեսության ոլորտում նվաճումներն ու առաջխաղացումները ներկայացնելու նպատակ ունեն: «Ագրարային համալսարանը կանգնած է բավականին համապարփակ բարեփոխումների շեմին և այդ բարեփոխումների ճանապարհին կարևոր է, որ ուսանողներից յուրաքանչյուրը կարողանա իր ժամանակի մի մասն անցկացնել արտադրություններում՝ տիրապետելու համար նաև գործնական հմտություններին»,-նշեց Հարությունյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը կարևորելով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեությունը, համագործակցության առաջարկ արեց Դավիթ Երեմյանին, որպեսզի բուհի երեխաները կարողանան ընկերությունում գործնական պրակտիկա անցնել: «Փորձի փոխանակումը շատ կարևոր նշանակություն ունի: Մեր ուսանողները համալսարաններում հիմնականում տեսական գիտելիքներ են ստանում, բայց գործնական դասերի պակաս կա: Մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք և տարվա ընթացքում պարբերաբար անցկացնելու ենք բաց դասեր»,-հավելեց նա:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը համալսարանի ուսանողների հետ խոսելով Ավան գյուղում նախագծի մեկնարկի գործընթացի մանրամասների, դժվարությունների ու ձեռքբերումների մասին,  նրանց ներկայացրեց բիզնես-գյուղ փոխշահավետ համագործակցության հաջողության իր բանաձևը։

Նրա խոսքով՝ «From farm to table»-ը՝ ԱՄՆ-ում սկիզբն առած գյուղական համայնքների աջակցության համաշխարհային սոցիալական շարժում է, որի նպատակն է տեղացի արտադրողի մթերքը պահանջված դարձնել ռեստորանային բիզնեսում անմիջապես գյուղի արտադրողներից գնումների իրականացման միջոցով։ «Մենք մեր մոդելն ենք մշակել և ներդրել ենք այն Արագածոտնի մարզի Ավան համայնքում՝ 2017թ. հուլիսին: «Երեմյան Փրոջեքթս»-ի ջանքերով Ավանում գործարկվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները Երևան քաղաքի գներով կարողանում են իրացնել գյուղմթերքը՝ կաթնամթերք, մսամթերք, ձու, միրգ, բանջարեղեն, մեղր և այլն»,-նշեց նա, հավելելով, որ գյուղն ունի 900 բնակիչ՝ 220 տնտեսությունով, որտեղ գյուղացիները հիմնականում այգեգործությամբ և անասնապահությամբ են զբաղվում»,-նշեց նա:

Դավիթ Երեմյանը պատմեց, երբ  Ավան համայնքի բնակիչների հետ ունեցել էր առաջին հանդիպումը նախագիծը ներկայացնելու և համագործակցություն առաջարկելու համար՝ սկզբում գյուղացիները շատ թերահավատորեն մոտեցան, շատերը չէին էլ դիտարկում այդ համագործությունը եկամտի աղբյուր,  նույնիսկ գյուղից էին ցանկանում տեղափոխվել:

            «Մեր ծրագիրն Ավան համայնքում սոցիալական և բիզնես բաղադրիչ ունի: Նախ` Երևանում հազվադեպ է բնական մթերք հանդիպում, հետո մենք թեթևացնում ենք գյուղացիների հոգսը. գյուղմթերքն իրացնելու համար Երևան կամ մոտակա քաղաքներ հասնելու անհրաժեշտությունը այլևս չկա: Նախագծի շրջանակում գյուղացիներին ցուցաբերվում է աջակցություն նաև դեղորայքի և անասնակերի ձեռքբերման հարցում»,-ասաց նա:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից Ավան  համայնքում բացված մթերման կետն արդեն 1,5 տարի է գործում է: «Վերջին 12 ամիսների ընթացքում 128 միլիոն դրամի շրջանառություն ենք ունեցել: Ընդ որում 33%-ով աճել են խոզի, 132%-ով՝ տավարի, 31%-ով՝ մեղրի և 5 անգամ սխտորի մթերման ծավալները։ Ամենակարևորը՝ մենք տեսանք, գյուղացիների մտածելակերպի փոփոխություն: Այն մարդը, ով սկզբում հուսալքված էր, հիմա արդեն մտածում էր տնտեսությունը մեծացնելու մասին, ինչը մեզ համար շատ կարևոր էր: Դուք պատկերացնում եք, եթե ռեստորատորներից յուրաքանչյուրը վերցնի մի գյուղ և համագործակցի այս ձևաչափով: Մենք անապահով համայնքներ չենք ունենա»,-նշեց նա, ուրախությամբ փաստելով, որ Ավանում անասնապահությունը 30 տոկոսով աճ է գրանցել:

Դավիթ Երեմյանը նաև հավելեց, որ տնային տնտեսությունները սկսել են ավելացնել կենդանիների մայրական կազմերը, որի արդյունքում գրանցվել են աճի հետևյալ ցուցանիշները՝ կով՝ 33%, ոչխար՝ 6%, խոզամայր՝ 44%, ածան հավ՝ 10%, մեղվի փեթակներ՝ 17% և սխտորի ցանք՝ 67% ։

Այսպիսով գնահատելով այս արդյունքները՝ կարող ենք եզրակացնել, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մթերման կետի շնորհիվ Ավան գյուղում ձևավորվել է գյուղմթերքի բարձր և կայուն իրացվելիության մակարդակ:

Դավիթ Երեմյանը չբացառեց, որ առաջիկայում նման ծրագրեր կիրականացվեն նաև այլ համայնքներում:

Այս ծրագիրը գնահատվել էր նաև պետության կողմից: ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար Դավիթ Երեմյանը 2017 թվականին պարգևատրվել է  ՀՀ  Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

Հանդիպմանը զուգահեռ համալսարանի սրահում տեղի ունեցավ «From farm to table» – «Գյուղից՝ սեղան» նախագծի ֆոտո-ցուցահանդեսի բացումը։ Ներկաները հնարավորություն ունեցան թեմատիկ լուսանկարների միջոցով ծանոթանալու Արագածոտնի մարզի Ավան համայնքի առօրյային։   

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհն արդեն 39 տարի շարունակ հոկտեմբերին նշվում է պարենի համաշխարհային օրը` հանրության ուշադրությունը սևեռելով սննդի ոլորտում առկա արդի հիմնադիրներին: Այս տարի Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցնում են «Զրոյական սով. այսօրվա մեր գործողությունները վաղվա մեր ապագան են» կարգախոսի ներքո։

***

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը միավորում է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները, «Երեւանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am