Արմեն Ռուստամյանը բացառում է, որ կաշառքի մեջ մեղադրվող պատգամավորը կարող է լինել ՀՅԴ խմբակցությունից

Armenpress 11:42, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ պատգամավորն, ում նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, կարող է լինել իրենց խմբակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ճեպազրույցում:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: Նա նշել էլ , որ դա արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս է՝  իրենց ձեռքի տակ ունեցած մի թղթի  պաշտոնական պատասխանին են սպասում այլ երկրից: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ որ պատասխանը գա, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է:

«Ես ամբողջությամբ բացառում եմ, որ պատգամավորն, ում դեմ քրեական գործի մասին հայտարարվել է,  ՀՅԴ-ից է: Գործընթացներն արդեն տեղի են ունենում: Բնականոն ընթացք պետք է լինի, որևէ պատգամավոր չպետք է մտածի, որ իր անձեռնմխելիությամբ պատսպարված է »,-ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանը հավաստիացրեց, որ իրենք երբեք չենք խոչընդոտի, որ քննությունը պատշաճ իրականացվի:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ քանի որ վարչապետի պաշտոնակատարն այդ պատգամավորի անունը չտվեց, ինքը ևս կխուսափի դրանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am