ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Armenpress 17:04, 25 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստորագրման վերաբերյալ հարցերը: Միաժամանակ հայկական կողմը ցանկություն է հայտնել մասնակցելու թունելների նախագծային աշխատանքներին՝ հայաստանյան տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք հետամուտ լինել Հայաստանի և Վրաստանի միջև հարկային և մաքսային ոլորտներում հետագա փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am