Հայ-ամերիկյան հարաբերություններն ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն

Armenpress 14:22, 25 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին: Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի համար առաջնահերթ են և կարևոր: Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն: Նաև անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձևավորված իրավիճակին: Կարևորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ջոն Բոլթոնն անդրադարձավ նաև ԼՂ հիմնախնդրին:

«Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am