Փաշինյանը հայտնեց ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքի հետ կապված քրեական գործի մասին

Armenpress 13:59, 24 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը: «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս է՝  մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի  պաշտոնական պատասխանին ենք սպասում այլ երկրից: Որ օրը եղավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինչ-ինչ պատճառներով այդ թուղթը չեն ստանում, գործընթացը ձգձգվում է:  «Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, չգիտեմ, գուցե, այդ երկրի հետ որոշ կապեր կան, անընդհատ ձգում են: Լավ, կարող են մի շաբաթ էլ, մի ամիս էլ ձգեն, բայց տարբերակ չկա, այդ պատգամավորը կալանավորվելու է,  ու դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am