Գեղհովիտում դանակահարված տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում

Armenpress 21:40, 23 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում hոկտեմբերի 23-ի կեսօրին արտակարգ դեպք է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Սմբատ Ըռքոյանն իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի, 45-ամյա Արսեն Մկրտչյանին եւ դանակով կտրել նրա պարանոցը։

«Նրանք երկուսն էլ բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, տարվա մեջ շատ քիչ ժամանակ են գտնվում գյուղում: Իրար հետ մինչ դեպքը չեն վիճաբանել, նույնիսկ մի քանի օր առաջ են եկել Գեղհովիտ: Դժվարանում եմ ասել, թե ինչ միջանձնային վեճ է մինչ այդ եղել նրանց մեջ:

Կարծում եմ, որ ամեն ինչ կպարզի նախաքննությունը: Այս պահին դանակահարվածը, Մարտունու ԲԿ-ում առաջին օգնություն ստանալուց հետո, տեղափոխվում է մայրաքաղաքի մեկ այլ բուժհաստատություն, իսկ դանակահարողը կալանավորվել է: Մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։ Նրան նույնպես ոստիկաններն ու քննիչները շտապ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դաժան ու սահմռկեցուցիչ տեսարանին ականատես է եղել թաղման մասնակիցների մեծ մասը։ Մենք պարզապես ցնցված եք դեպքի արտասովորությունից»,- նշեց Վարդան Պողոսյանը:

Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանի հավաստմամբ՝ Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Մենք դադարեցրել ենք արյունահոսությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կապել անոթները: Նրան մայրաքաղաք տեղափոխելու որոշում ենք կայացրել՝ ելնելով նեղ մասնագիտական միջամտության անհրաժեշտությունից: Հավաստիացնում եմ, որ դանակահարվածի կյանքին արդեն որեւէ վտանգ չի սպառնում»,- տեղեկացրեց Վարդան Կարապետյանը»:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am