Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Armenpress 20:15, 23 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերն առաջարկել է Հանրապետության նախագահին հաջորդ տարի Պորտուգալիայում կայանալիք  «Horasis»-ի տարեկան հանդիպմանը հանդես գալ որպես հատուկ բանախոս։ Նախագահ Սարգսյանն իր հերթին առաջարկել է դիտարկել «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը հայաստանյան վերլուծական կենտրոնների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերը կրթության ոլորտում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am