Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Armenpress 16:32, 23 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Զրուցակիցներն ընդգծեցին, որ այս այցը լավ առիթ է առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրվագծելու ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի մանդատի շրջանակներում փոխգործակցության ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Մանրամասն անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիմքում ընկած են հստակ հարցեր. կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդում, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովում: Այս ճանապարհին երկուստեք կարևորվեց Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am