ՀՀԿ-ն փաստացիորեն վայր դրեց ԱԺ-ում իր լիազորությունները

Armenpress 16:26, 23 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրեին Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների, իսկ այսօր արդեն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խորհրդարանական քննարկումների ու քվեարկության հանդեպ ԱԺ-ի ամենամեծ խմբակցության՝ ՀՀԿ-ի դիրքորոշումը ավարտին հասցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման շուրջ նույնիսկ տեսական բանավեճը։ ՀՀԿ-ն աներկբայելիորեն ցույց տվեց, որ նախանձախնդիր չէ պետակառավարման համակարգի մի շարք կարևոր հարցերի լուծումներ գտնելու գործում՝ հաշտված խորհրդարանի արձակման փաստի հետ։ Ըստ էության, ՀՀԿ-ն, հրաժարվելով մասնակցել ԸՕ-ի վերափոխմանը, ոչ թե խնդիր ստեղծեց գործադիր իշխանության համար, այլ հարվածեց 2-4-րդ տեղերին հավակնող ուժերին՝ վերջիններին զրկելով ապագա խորհրդարանում հայտնվելու ռեալ շանսից։ Իսկ ահա ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության փաստացի տապալմամբ՝ ՀՀԿ-ն հրաժարվեց պետական կառավարման համակարգի պատշաճ ֆունկցիոնալիզացիան ապահովելու քաղաքական պատասխանատվությունից ու հանրային պարտավորության կատարումից։

ԸՕ-ի փոփոխությունները, ըստ էության, անհրաժեշտ էին 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմի բազմազանության ապահովման համար։ Գրեթե հաստատ է, որ առաջիկա շրջանում իշխանության վարկանիշը էականորեն չի նվազելու և Երևանի ավագանու ընտրությունների պատկերը կրկնվելու է համապետական մասշտաբով։ Այս տեսանկյունից ԸՕ-ի վերափոխումների խափանումը որևէ լուրջ ազդեցություն չի ունենա ԱԺ-ի նոր մեծամասնության ձևավորման վրա, այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, առարկայական դժվարությունների չի բախվելու։ Այդուհանդերձ, լուրջ խնդիր են ունենալու մյուս քաղաքական ուժերը, որոնք սեպտեմբերի 23-ի ընտրություններին անակնկալի եկան։ Այսժամ անցողիկ շեմը հաղթահարեց միայն մեկ կուսակցություն՝ այն էլ 1 տոկոսի տարբերությամբ, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ուժը չհաղթահարեց անցողիկ շեմն ու ԱԺ-ում հայտնվեց միայն օրենքի ուժով, իսկ մնացածների վարկանիշը տատանվում էր 1 տոկոսի սահմաններում։ Մինչդեռ ԸՕ-ի բարեփոխումների միջոցով նախ հանարավորություն էր առաջացել իջեցնել անցողիկ շեմը, ԱԺ-ում նախատեսել առնվազն 4 քաղաքական ուժերի ներկայություն և այլն։ Այդժամ խորհրդարանը կհավակներ ներառել տարբեր քաղաքական գաղափարաբանություններ կրող ուժերի և առաջին հաստատուն քայլերն իրականացնել քաղաքական մարմին դառնալու հարցում։ Սակայն գործող օրենսգրքով անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների պարագայում, թեպետ ընդդիմությանն օրենքի ուժով ներկայացված է լինելու 30 տոկոս համամասնությամբ, սակայն, հաշվի առնելով առաջին հերթին հոկտեմբերի 2-ի «օպերացիան», հստակորեն չի նշմարվում, թե բոնուսային մանդատները ում միջև են բաշխվելու։ Արդյունքում՝ խորհրդարանում կտեսնենք ընդդիմություն-իշխանություն 70-30 համամասնություն, սակայն ոչ՝ առանձին քաղաքական գաղափարական ուղղություններ ներկայացնող խմբակցություններ։

Նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը նույնպես, փաստորեն, տապալվեց ՀՀԿ-ի բոյկոտի արդյունքում։ Չմասնակցելով ՍԴ դատավորի ընտրությանը՝ ԱԺ-ի ամենամեծ խմբակցությունը նախ ցույց տվեց, որ այդ ընտրությունն իր քաղաքական առաջնահերթությունների մեջ չկա։ Այսինքն՝ ՍԴ կազմի թերի լինելը չի հետաքրքրում 10 տարի ՀՀ-ի իշխանությունն իրացրած ուժին։ Դժվար է հիշել նախկինում որևիցե նմանօրինակ ընտրություն, երբ ՀՀԿ-ն նախընտրեր «պասիվությունը»։ Կարելի է ասել, որ ԱԺ-ի ամենամեծ քաղաքական ուժը հրաժարվում է խորհրդարանի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու իր պատասխանատվությունից։ Իսկ ՀՀԿ-ն այդ պատասխանատվությունը ստանձնել էր, կուսակցության անդամների բնորոշմամբ, 2017թ. ընտրություններում։ Այսօր, սակայն, ստացվում է, որ իրավիճակային շահերով պայմանավորված՝ ՀՀԿ-ն հրաժարվում է օրենսդիր մարմնի աշխատանքների իրականացման համար 2017թ. «հանրությունից ստացած» մանդատից։ Իսկ մի՞թե սա պատվարժան դիրքորոշում ու կեցվածք է այն քաղաքական ուժի կողմից, որը հպարտանում է առնվազն 10-ամյա կառավարմամբ։ Սակայն ՀՀԿ-ն ծանակեց նաև իր՝ քաղաքական ուժի կարգավիճակը, քանի որ փաստացի բոյկոտեց ԱԺ-ի աշխատանքները՝ առանց այդ բոյկոտը քաղաքական տեքստով բացեիբաց ներկայացնելու և հիմնավորելու։ Սա էլ արդեն հանրային պատասխանատվությունից ճողոպրելու քայլ էր։

Այսպիսով, ՀՀԿ-ի երկօրյա վարքագիծը բնորոշ էր քաղաքական լուսանցքում հայտնված և դրա համար վրեժխնդիր լինել փորձող շրջանակին։ Խուսափելով քաղաքական պատասխանատվությունից՝ ՀՀԿ-ն միաժամանակ փաստացիորեն վայր դրեց ԱԺ-ում իր լիազորությունները։ ՀՀԿ-ի այսօրինակ վարքը նախ և առաջ հարված էր իր հետ նախկինում համագործակցող ուժերին, որոնք ԱԺ-ում չհայտնվելու լուրջ խնդրի առաջ են կանգնած, ապա՝ ընտրական գործընթացի կազմակերպմանը և վերջապես՝ Հայաստանի պետակառավարման համակարգի բնականոն գործունեությանը։ Ձեռքերը լվանալու և ոչ թե իշխանությանը, այլ արդեն իսկ պետության նորմալ կենսագործունեությանը վնասելու նմանօրինակ վարքագծով ՀՀԿ-ն իրեն անդառնալիորեն մարգինալ դարձրեց։ 

Նժդեհ Հովսեփյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am