Կարինե Մինասյանը «Եվրասիական շաբաթը» հաջողված է համարում. անց է կացվել թվային հարթակների մրցույթ

Armenpress 16:06, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված Եվրասիական թվային հարթակների մրցույթում հաղթած ընկերությունները ներգրավված են լինելու Եվրասիական նախագծերի իրականացման գործընթացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և ՏՀՏ տեխնոլոգիաների հարցով Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆորումը շատ կարևոր է և արդեն իսկ ակնհայտ, որ այն հաջողվել է:

«Այստեղ մենք քննարկում ենք հստակ, պրակտիկ հարցեր, որոնք հետաքրքրում և անհանգստացնում են բիզնեսին ԵԱՏՄ բոլոր երկրներում, հատկապես՝ Հայաստանում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իմ ղեկավարած ոլորտի գործունեության շրջանակում մի շարք միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ Եվրասիական թվային հարթակների մրցույթ, որն ի հայտ է բերել մրցույթի հիմնական ֆինալիստներին: Նրանց հետ մենք կյանքի ենք կոչելու Եվրասիական թվային օրակարգը»,- ընդգծեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներից տարբեր ընկերություններ են եկել Հայաստան, և նրանք արդեն իսկ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծում միմյանց միջև, քննարկում ընդհանուր նախագծեր:

«Մենք 5 երկրում էլ կազմակերպել ենք մրցույթը, և ամեն երկրից ընտրել ենք 5-ական մասնակից: Երեկ վերջնական արդյունքներն ենք ամփոփել, և ամեն անվանակարգում եղել է մեկական հաղթող, ում հետ մենք շարունակելու ենք իրականացնել թվային օրակարգը: Հաղթող ընկերություններին մենք օգնելու եք  խթանել իրենց նախագծերը Եվրասիական տնտեսական միության հարթակում: Մրցույթի արդյունքում բացահայտել ենք, որ մեր երկրների համար հիանալի ներուժ կա թվային տրանսֆորմացիայի իրականացման համար»,- ասաց Կարինե Մինասյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am