Փողային նվագախմբերը տոնական շքերթով անցան Երևանի կենտրոնով

Armenpress 19:59, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարությունների շրջանակում Ազատության հրապարակում մեկնարկեց և Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով Հանրապետության հրապարակ հասավ «Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը։

«Ինչպես երգում է Ֆորշը` Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք: Իսկապես այդպես է: Մեր քաղաքը շատ գեղեցիկ է,  պայծառ հենց մեր շնորհիվ: Ցանկանում եմ, որ մենք կարողանանք գնահատել այն, սիրել ու փայփայել մեր քաղաքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց երևանցի Արմինեն, ով հետևում էր փողային նվագախմբի շքերթին: Նա խաղաղ երկինք ու ջերմություն մաղթեց քաղաքին:

Արտերկրից Հայաստան վերադարձած Արմանը խոստովանեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ քաղաքի տոնին նվիրված միջոցառումները մի քիչ աղքատիկ են: «Դա բնավ չի խանգարում, որ մենք կարողանանք գտնել մեզ հետաքրքրող համերգային ծրագիրը կամ այլ միջոցառում և լիովին վայելել մեր սիրո քաղաքի տոնը»,- ժպիտով ասաց նա: Արմանը ցանկացավ ավելի կանաչ ու մաքուր տեսնել Երևանը հաջորդ տարի:

Չորսամյա  Տիգրանը, ում ոգևորել էր այն փաստը, որ իր այտին Հայաստանի դրոշն են նկարել, ուրախությամբ վազվզում էր Ամիրյան փողոցում: Մեր այն հարցին, թե ինչու է սիրում Երևանը, փոքրիկը պատասխանեց. «Որովհետև Երևանը սիրուն է»:

«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվել է 1968 թվականին՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման  2750-ամյակի առթիվ: «Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր»: «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թվականին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի): Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am