Հայկ Մարությանը առաջնորդեց Երևանի 2800-ամյակին նվիրված հեծանվավազքը

Armenpress 13:29, 21 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Շահումյանի հրապարակում մասնակցեց մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված հեծանվավազքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ` լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն նշեց, որ ինքը և իր ընտանիքը հեծանվասպորտը շատ սիրում են և շատ վաղուց են զբաղվում այդ սպորտաձևով:

«Ես հորդորում եմ բոլորին, որպեսզի ակտիվ զբաղվեն սպորտով: Հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլ փոխադրամիջոց, որի միջոցով կարելի է մաքուր պահել մեր սիրելի Երևանի փողոցներն ու նաև առողջ լինել, ինչու չէ,  մի փոքր էլ բեռնաթափել փողոցները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որ սպորտի այս տեսակը զարգանա:

Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն հայությանը Երևանի տոնի կապակցությամբ, քաղաքապետը մաղթեց, որ Երևանը միայն գնա առաջ և մյուս 2800-տարիներն էլ ավելի պայծառ լինեն:

«Երևանի 2800-ամյակի լավագույն նվերը համարում եմ Թավշյա հեղափոխությունը»,-նշեց Մարությանը՝ ընդգծելով, որ Երևանը պետք է լինի ջրի քաղաք: «Սա նաև սիմվոլիկ է: Եթե մենք ջրի քաղաք ենք, շատ լավ գիտենք, որ Բաքուն էլ կրակի քաղաքն է, շարունակությունը չասեմ»,- նշեց նա:

Հեծանվասպորտի ֆեդերացիայի կողմից, տոնի առթիվ կազմակերպված հեծանվավազքը գլխավորելու համար, Երևանի քաղաքապետը պարգևատրվեց շնորհակալագրով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am