Քաղաքացիական դասընթացների երևանյան դպրոցում մեկնարկեց 14-րդ ուսումնական տարին

Armenpress 14:50, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական դասընթացների երևանյան դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը 14 տարվա գործունեության ընթացքում հանրության շրջանում չի մարել. կրթօջախի գործունեության անկյունաքարային մոտեցումն է արդիական Հայաստանում պատասխանատու, գիտակից քաղաքացի ստեղծելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցի 2018-2019թթ. ուսումնական 14-րդ տարվա բացման հանդիսավոր արարողությունը կայացավ հոկտեմբերի 20-ին:

«ՔԴԵԴ-ն արդեն 14 տարի ծավալում է իր գործունեությունը, և դեռ դպրոցի նկատմամբ կա հետարքրքություն: Մեր ինքնության որոնման մեջ փորձել ենք հենվել երկու սյունի վրա՝ ինքնաճանաչման և աշխարհաճանաչման: ՔԴԵԴ-ում արդիական է դարձել մեկ գաղափար՝ Հայաստանի արդիականացումը: Արդիական Հայաստանը չի կարող կայանալ, եթե մենք իրավական պետություն և գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ չունենանք: Եվ քաղաքացիական մտածողության շերտերին նպաստելու առումով է, որ ՔԴԵԴ-ը տեսնում է իր գործունեությունը: Եվ հետևաբար մեզ համար անկյունաքարային մոտեցում է իրավական պետությունը և պատասխանատու, գիտակից քաղաքացին»,-ասաց ՔԴԵԴ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը:

Նրա հավաստմամբ՝ կրթական գործի մեջ իրենց վերապահված առաքելության չափով շարունակելու են անել առավելագույնը, որ ինտելեկտը պահանջված լինի արդիական Հայաստան ստեղծելու ճանապարհին:

ՔԴԵԴ-ը թվով 10-րդ դպրոցն է, որ ստեղծվել է Եվրոպայի խորհրդի կողմից: Մոսկվայի դպրոցի շրջանավարտ է նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ դպրոցն իր գործունեությամբ նպաստ ունի, որ մեր այս սպասումները, հասարակությունն ավելի դրական արդյունքի հասնեն: «Պատահական չեն ասում, որ այս դպրոցի առաքելություններից մեկը Հայաստանի էլիտայի ձևավորումն է: Պատահական չէ, որ այդ դպրոցի շրջանավարտների մեջ կան մարդիկ, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցնում քաղաքականության մեջ, ռազմական, վերլուծական ոլորտներում: Եվ մենք տեսնում ենք, որ ՔԴԵԴ-ի շրջանավարտները հաջողակ են ամենուր»,-ասաց Քոչարյանը:

ՔԴԵԴ-ի շրջանավարտ է նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա հիշեց, որ տասը տարի առաջ ինքն էլ է ներկայիս սաների փոխարեն նստած եղել: «Եվ ամենակարևոր ձեռքբերումը եղել է նոր համագործակցության մշակույթի արմատացումը: Այս միջավայրը բոլորին տալիս է շատ մտածելու տեղ»,-ասաց Սանասարյանն ու հավելեց՝ այդ դպրոցից կարելի է շատ բան քաղել:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նկատեց՝ այս դպրոցից հետո յուրաքանչյուրը կարող է շատ կարևոր տեղ զբաղեցնել մեր կյանքում: 

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 2005թ. հունիսի 29-ին տեղի է ունեցել դպրոցի պաշտոնական բացումը: Քաղաքական դասընթացների 21 դպրոցներից Երևանի դպրոցն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:  

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը զարգացման ծրագիր է, քաղաքական մասնակցության ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդների համախմբող գործընթաց: Ըստ էության, սա եզակի ծրագրերից մեկն է երկրում, որ կրթությունը համադրում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների՝ միմյանց հետ շփվելու հնարավորության հետ:

Դպրոցում ընդգրկված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: ՔԴԵԴ-ի շրջանավարտ են ԱԺ ընթացիկ և նախկին գումարումների պատգամավորներ, փոխնախարարներ, դեսպաններ, հանրապետության նախագահի, ԱԺ, կառավարության, Սահմանադրական դատարանի, նախարարությունների աշխատակազմերի աշխատակիցներ, ակտիվ հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, խմբագիրներ, լրագրողներ, համալսարաններում քաղաքականություն դասավանդողներ, հոգևորականներ: Դպրոցն ունի ավելի քան 350 շրջանավարտ:

Դպրոցը կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ քաղաքական հիմնարար և հրատապ թեմաներով, իրականացնում գործնական, կիրառական քաղաքագիտության ուսուցում և քաղաքական կրթության ծրագիր:  

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am