Գեղարքունիքում ճանապարհաշինության ծավալները նախորդ տարվա ցուցանիշները կգերազանցեն կրկնակի անգամ

Armenpress 11:59, 20 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտում այս տարի լուրջ ներդրումներ են իրականացվում, ինչի արդյունքում հիմնանորոգվում են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները՝ բավականին մեծ ծավալներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի, ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի եւ համայնքապետարանների միջոցների հաշվին: Որոշ տեղերում արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները, որոշ տեղերում գտնվում են ընթացքի մեջ, իսկ որոշ տեղերում էլ նոր-նոր է տրվում մեկնարկը:

«Պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են Սեմյոնովկայում, Հայրավանքում, Ծովագյուղում, Կարճաղբյուրում: Սեմյոնովկայում 9,2 միլիոն դրամի ներդրմամբ վերականգնվել է Սեմյոնովկա-Դիլիջան ճանապարհի վթարային հենապատը, ուղղվել է ասֆալտբետոնյա ծածկը: 30 միլիոն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել է Ծովագյուղ մտնող ճանապարհը 300 մետր երկարությամբ: 34,5 միլիոն դրամով հիմնանորոգվել է Հայրավանքի եկեղեցի տանող ճանապարհը:248 միլիոն դրամի ներդրմամբ Կարճաղբյուրում հիմնաFնորոգվել է 2 կիլոմետր ներհամայնքային ճանապարհ, 1 կամուրջ: 28 միլիոն դրամի ներդրմամբ վերականգնվել է Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում առաջացած նստվածքը:

Ճանապարհաշինական խոշոր ծրագիր է իրականացվել Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի 51-57-րդ կիլոմետրում: Ներդրված 327 միլիոն դրամի հաշվին 5,8 կիլոմետր երկարությամբ տեղադրվել է միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ եւ մետաղական արգելափակոցներ: Ունեցել ենք ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն 15 ծրագիր, որոնցից 10-ն արդեն ավարտված են, ընթացքի մեջ կամ ավարտական փուլում են գտնվում 5 ծրագիր:Ընթացքում կամ ավարտական փուլում են գտնվում նաեւ տեղական բյուջեների հաշվին իրականացվող ճանապարհաշինական 9 ծրագիր, որոնց պայմանագրային ընդհանուր գինը կազմում է 170 միլիոն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում արդեն ունենք շուրջ 59 հազար քառակուսի մետր, տեղական բյուջեների միջոցների հաշվին իրականացված աշխատանքների արդյունքում՝ 20 հազար 660 քառակուսի մետր մակերես զբաղեցնող ասֆալտապատ ներհամայնքային ճանապարհներ:

Այժմ պետական բյուջեից տրամադրված 688 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվում է Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի Վարդենիս-Շատվանի խաչմերուկ հատվածը՝ 5 կիլոմետր երկարությամբ: Աշխատանքների 50 տոկոսն արդեն կատարված է: Պետական բյուջեի միջոցներից 71 միլիոն դրամ է հատկացվել Լանջաղբյուրի ներհամայնքային փողոցի հիմնանորոգման համար:1,3 կիլոմետր երկարության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 20 օր առաջ, արդեն ավարտին են մոտենում հողային աշխատանքները, մոտ օրերս կտեղադրվի նաեւ ասֆալտբետոնյա ծածկը:

Ընթացքի մեջ է նաեւ Ծաղկաշեն-Գանձակ համայնքներն իրար կապող կամրջի շինարարությունը, որտեղ պետբյուջեից ներդրվել է 72,7 միլիոն դրամ: 38,1 միլիոն դրամ էլ հատկացվել է Գագարինի կամրջի մոտ առաջացած փլվածքի վերականգնման համար: Այստեղ սկսվել են հողային աշխատանքները: Մոտ օրերս նույն պետբյուջեի միջոցներով կմեկնարկեն ճանապարհաշինական երկու խոշոր ծրագրեր Հարսնաքար հյուրանոցային համալիր-Սեւանի թերակղզի եւ Ծովագյուղ-Շորժա ուղղություններում: 229 միլիոն դրամ հատկացված է Հարսնաքար հյուրանոցային համալիր-Սեւանի թերակղզի, 280 միլիոն դրամ՝ Ծովագյուղ-Շորժա ճանապարհների հատվածների հիմնանորոգման համար:

Աշխատանքների մեկնարկը կտրվի մոտակա օրերին եւ կավարտվի մինչեւ տարեվերջ: 356 միլիոն դրամ է կազմել Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լիճք-Մարտունի հատվածի հիմնանորոգման համար նախատեսված գումարը: Եթե այս բոլոր ծրագրերը մինչեւ տարեվերջ ավարտվելու են ամբողջությամբ, որին կարելի է անգամ չկասկածել, ապա մենք կունենանք միջպետական, հանրապետական, միջհամայնքային ու համայնքային նշանակության շուրջ 45,4 կիլոմետր երկարության հիմնանորոգված ճանապարհներ, որտեղ ընդհանուր ներդրումը կազմելու է մոտ 4 միլիարդ դրամ: Իսկ այս արդյունքը կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարում մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ծավալներին»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2019 թվականին եւս Գեղարքունիքում կիրականացվեն ճանապարհաշինական ծավալուն աշխատանքներ, որոնց մեջ ներառված կլինեն Շորժա-Վարդենիս եւ Ծովակ-Ախպրաձոր կենսական կարեւոր նշանակության ճանապարհները:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am