ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների

Armenpress 21:56, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 15-ից 19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին, որը հյուրընկալվել էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի կողմից: Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարին նվիրված միջոցառման լիագումար նիստի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարևորել է միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման գործում տեղեկատվության և հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակման նշանակությունը, առաջարկել դիտարկել համապատասխան մեխանիզմների և ընթացակարգերի ձևավորման հնարավորությունը:

Վաշինգտոնից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Վիսբադենում հոկտեմբերի 17-ից 19-ը անցկացված Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա խորհրդաժողովին, որը հյուրընկալվել էր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի կողմից:

Հանդիպումը նվիրված էր միջազգային արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին արձագանքելիս գործընկերության ամրապնդման և փոխգործունակության զարգացման ուղիների և միջոցների շուրջ մտքերի փոխանակմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am