Քննչական կոմիտեն բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրել 4 մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար

Armenpress 19:51, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բեռնատար ավտոմեքենայի վարորդին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2018 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կիլոմետրում վարելով «Սկանիա» մակնիշի 86 A 989-10 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «ՎԱԶ 2107» մակնիշի 35 OQ 302 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդ Ծովակ Խաչատրյանը և 3 ուղևորներն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդին, ով ԻԻՀ քաղաքացի է, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am