Երևանի հին ու նոր շենքերը նոր շունչ ստացան մայրաքաղաքին նվիրված ցուցահանեսի լուսանկարներում

Armenpress 17:48, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են վաթսունից ավելի լուսանկարներ, որոնք պատմում են քաղաքամայր Երևանի ճարտարապետական դիմագծի, շինությունների և նշանավոր անձանց մասին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին  «Մետրոնոմ» կենտրոնում:

«Մեր թանգարանում պահվում են 15 000-ից ավելի լուսանկարներ,  որոնք թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը, և այդ հավաքածուն անընդհատ համալրվում է»,- նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսում ներառված լուսանկարներից շատերում պատկերված են Երևանի այնպիսի շենքեր, որոնք այժմ չկան: «Տարբեր քաղաքաշինական  խնդիրների հետևանքով  տարիների ընթացքում դրանք քանդվել են, արդյունքում՝ քաղաքի դեմքն ու դիմագիծը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հաճախ է փոխվել: Քաղաքը զարգացող օրգանիզմ է և պետք է ժամանակին համընթաց քայլի` պահպանելով հինը»,- ընդգծեց Սարգսյանը`ժպիտ և լավ տրամադրություն մաղթելով երևանցիներին իրենց տոնի կապակցությամբ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով` իրենք ցուցահանդեսում  ֆոնդային նյութեր են ներկայացրել:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսը կազմակերպել են «Մետրոնոմ»-ում, որպեսզի հանրության լայն շրջանակը հնարավորություն ունենա ծանոթանալ հին ու նոր Երևանի ճարտարապետական հուշարձաններին:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն ասաց, որ շատ կցանկանար, որպեսզի պահպանվեր հին Երևանի կենտրոնը: «Իհարկե, մեր օրերում  արհեստականորեն փորձում են «Հին Երևան»  ստեղծել Արամի փողոցում, բայց դա նույնը չի լինի, քանի որ չի լինի դարերի ապրածի շունչը, հոգին»,- նշեց նա և հավելեց, որ  շատ է սիրում Երևանը, և մաղթեց, որ մենք վերագտնվի երևանյան մշակույթը:

Ներկայացված էին լուսանկարներ «Տեսարան սբ. Սարգսի փողոցից», «Տեսարան հին Երևանից», «Տեսարան Կոնդից», «Հաղթանակի կամուրջը», «Միտինգ-ընդվզում. 1988թ.», «Շքերթ Լենինի այժմ Հանրապետության հրապարակում Հոկտեմբերյան հեղափոխության 16-ամյակի առթիվ» և այլ վերտառություններով:

Ցուցահանդեսը նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Երևանի պատմության թանգարանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am