Զոհրաբ Մնացականյանն էական է համարում Ջոն Բոլթոնի այցը Հայաստան

Armenpress 13:47, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն էական է համարում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Այդ մասին Մնացականյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այցին ավելի մոտ շրջանում այդ մասին կխոսենք, հիմա մենք պատրաստվում ենք, շատ էական է այցը։ Բոլթոնը գալիս է Ռուսաստան, գալիս է տարածաշրջան, և մենք ունենք մեր օրակարգն ԱՄՆ-ի հետ, որը հաստատված է, տարիներով ձևավորված։ Կան երկկողմ հարցեր, կա տարածաշրջանային օրակարգ, որի շուրջ ԱՄՆ–ի ներկայացուցչի հետ անցկացնելու ենք հանդիպումներ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին՝ արդյոք այցի նպատակն է ավելի զարգացնել Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունները, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք ունենք մեր ձևավորված դիրքորոշումներն ու մնում ենք այդ դիրքորոշումների շրջանակում»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am