Ամփոփվել են 8-12-րդ դասարանցիների սպարտակիադայի ծրագրով անցկացվող հնգամարտի և շախմատի մրցումների արդյունքները

Armenpress 12:23, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված հնգամարտի և շախմատի եզրափակիչ (հանրապետական) փուլի մրցումները, որոնց մասնակցել է 240 աշակերտ (120-ական՝ հնգամարտից և շախմատից): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, հնգամարտում մասնակից տղաներն ուժերն են չափել 100 մետր վազք, հեռացատկ տեղից, 1000 մետր վազք, ձգումներ պտտաձողից (կախ դրությունից) և թենիսի գնդակի նետում, իսկ աղջիկները` 60 մետր վազք, հեռացատկ տեղից, 500 մետր վազք, ձեռքերի ծալում և ուղղում մարզանստարանին, հենում պառկած դրությունից, թենիսի գնդակի նետում մրցաձևերում: Հնգամարտի ընդհանուր հաշվարկով հաղթող են դարձել Միքայել Բաբլոյանը և Էլեն Խաչատրյանը, երկուսն էլ Արարատի մարզից:

Ամփոփվել են նաև սպարտակիադայի ծրագրով անցկացվող շախմատի մրցումների արդյունքները: Աղջիկներից հաղթել է Աննա Սարգսյանը (Արարատի մարզ), իսկ տղաներից՝  Ալեքս Մանուկյանը (Արցախի Հանրապետություն):

Հնգամարտի առանձին մրցաձևերում և շախմատի անհատական մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված աշակերտներին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր և մեդալներ: Իսկ մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են հավաստագրերի և գավաթների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am