Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը

Armenpress 11:22, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի  և Ճապոնիայի փոխհարաբերություններում  գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում: 2017թ. Լրացել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 2010թ. Տոկիոյում Հայաստանի, իսկ 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանությունների բացումը նպաստել է երկու երկրների հարաբերությունների ավելի դինամիկ զարգացմանը:

 «ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

«Հաճախակի են դարձել տարբեր մակարդակներով փոխայցելությունները: Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ: Բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական կապերը: Առկա է արդյունավետ համագործակցություն նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համագործակցության կարևոր ոլորտներից է հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող Զարգացման պաշտոնական օգնությունը, որը հիմնականում իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency – JICA) միջոցով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am