Զոլաքարը հիմնանորոգել է մշակույթի տունը, լուսավորել՝ կենտրոնական ճանապարհը

Armenpress 17:24, 17 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ավարտվել են մշակույթի տան գազաֆիկացման եւ շահագործվող սենյակների հիմնանորոգման, ինչպես նաեւ կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը, տեղական բյուջեի միջոցներից այդ նպատակներով հատկացվել է շուրջ 7 միլիոն դրամ:«3 միլիոն դրամ հատկացվել է գյուղի կենտրոնական փողոցի լուսավորության ցանցի վերակառուցման համար, ինչի արդյունքում արդեն ամբողջությամբ այն վերակառուցված է 1,8 կիլոմետր երկարությամբ:

Նույն միջոցներով էլեկտրական հոսանք է անցկացվել նաեւ գյուղի գերեզմանատանը: 2 միլիոն 180 հազար դրամի հաշվին էլ հիմնանորոգվել են մշակույթի տան շքամուտքը, շահագործվող սենյակները, 900 հազար դրամի հաշվին գազաֆիկացվել մշակույթի տան շենքը, շուրջ 1 միլիոն դրամի ներդրման հաշվին էլ բարեկարգվել է գյուղի Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանների տարածքները: Մշակույթի տան շահագործվող մասը եւ գրադարանը հագեցվել է ժամանակակից գույքով: Մեր աշխատանքային օրակարգում է գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրը, որի համար, մեր նախնական հաշվարկներով, կպահանջվի մինչեւ 160 միլիոն դրամ: Արդեն հայտարարել ենք մանկապարտեզի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթ եւ հուսով ենք, որ մանկապարտեզի շենքում շինարարական աշխատանքները կիրականացնենք 2019 թվականի ընթացքում: Մեր գյուղում տարեկան ծնվում է 85-90 երեխա, ինչը նշանակում է, որ մանկապարտեզ հաճախել ցանկացող երեխաների հոծ բանակ ունենք՝ մինչեւ 220-250-ի չափով: Նախատեսում ենք եկող տարի կառուցել նաեւ մանկական խաղահրապարակ»,-ներկայացրեց Արման Ղազարյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am