#CultTalk. Հանրահայտ թավջութակահար Սթիվեն Իսերլիսը Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը

Armenpress 10:06, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա այնքան է սիրում Հայաստանը, որ արդեն 7-րդ անգամ է հանդես գալիս մեր երկրում: Նա միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, թավջութակահար, հանդես է գալիս Berlin Philharmonic, National Symphony Orchestra Washington, London Philharmonic, Zurich Tonhalle և աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ ՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Հանրահայտ թավջութակահար Սթիվեն Իսերլիսը Հայաստանում էր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն էր: Մեր երկրում հանդես եկավ ոչ միայն համերգով, այլև վարպետության դաս անցկացրեց Հայաստանում գործունեություն ծավալող թավջութակահարների համար: Բրիտանացի երաժշտին «Արմենպրես»-ը հանդիպեց բրիտանացիներին բնորոշ ոչ ֆորմալ միջավայրում՝ սիրելի ըմպելիքի՝ թեյի սեղանի շուրջ: #CultTalk-ի հյուրը պատմում է Հայաստանի նկատմամբ մեծ սիրո, գործիքի ընտրության ու այն մասին, թե ինչպես իր պապիկը հանդիպել է Բեթհովենին տեսած 102-ամյա կնոջ հետ:

Հայաստանում տանը լինելու ու Ֆիլհարմոնիկի մակարդակի մասին

Արդեն 7-րդ անգամ եմ Հայաստանում: Ես հայերին շատ եմ սիրում: Նրանք շատ ընկերասեր են, ջերմ, գեղեցիկ: Ես այստեղ կարծես տանն եմ: Իսկ Ֆիլհարմոնիկ նվագախումբը քանի գնում, ավելի լավ է նվագում: Այն հիանալի նվագախումբ է: Երբ առաջին անգամ համագործակցեցինք, այն լավն էր, բայց ամենաբարձր մակարդակի վրա չէր: Այն գնալով ավելի ու ավելի լավն է դառնում: Շատ տպավորիչ է: Հիանալի է:

Մասնակցություն Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնին

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներից մեկն իմ ընկերն է՝ Ալեքսանդր Չաուշյանը: Նրան ճանաչում եմ դեռ այն ժամանակներից, երբ փոքր տղա էր: Նա ամեն տարի ինձ հրավիրում է այստեղ, բայց, սովորաբար, սա տարվա ամենազբաղված շրջանն է: Այս անգամ որոշ բաներ չեղարկվեցին, և ես ազատ ժամանակ ունեցա ու եկա Հայաստան: Ահա թե ինչպես ստացվեց:

Հայաստանյան տաղանդները

Հայաստանում շատ տաղանդավոր երաժիշտներ ունեք: Ես այստեղ վարպետության դաս անցկացրի, հանդիպեցի 5 թավջութակահարների: Շատ բարձր մակարդակի վրա էին, շատ տպավորիչ էր: Այնպես որ՝ առա՛ջ, Հայաստան:

Երաժշտական ընտանիք

Թավջութակն ինձ համար ընտրեցին ծնողներս: Ես չեմ ընտրել գործիքս: Որքանով գիտեմ՝ տեղական մի ուսուցիչ առաջարկեց անվճար դասավանդել ինձ մոտ 3 ամիս: Ծնողներս համաձայնեցին՝ ասելով. «Եկեք փորձենք»:

Ծնողներս երաժիշտներ էին: Մայրս դաշնամուրի ուսուցիչ էր, հայրս շատ ունակ սիրողական ջութակահար էր: Պապիկս դաշնակահար ու կոմպոզիտոր էր: Ժամանակին շատ հայտնի էր, ծանոթ էր բազում ռուս երաժիշտների հետ: 

Հանդիպում Բեթհովենին տեսած տիկնոջ հետ

Սա շատ հայտնի պատմություն է: Հայրս ծնվել է 1917 թ. Օդեսայում: 1922-ին Լենինը որոշում կայացրեց, որ 12 ռուս երաժիշտներ իրենց ընտանիքներով պետք է ճանապարհորդեն Ռուսաստանից դուրս՝ 6 ամսով տարածելու սովետական մշակույթն աշխարհում: Լավ գաղափար էր, բայց ոչ ոք չվերադարձավ ԽՍՀՄ: Իմ պապիկն այդ 12 հայտնի երաժիշտներից մեկն էր: Նա պետք է ԱՄՆ գնար, բայց Վիեննայում համերգներ ուներ, և դրանք շատ հաջողված էին: Նրան առաջարկեցին հաստատվել Վիեննայում: Նա բնակարան գտավ, որի տիրուհին 102 տարեկան էր: Կինը շատ ջերմ էր մինչև այն պահը, երբ պապիկս ասաց, որ երաժիշտ է: Ծեր կինն ասաց, որ ատում է երաժիշտներին ու չի տրամադրի նրան բնակարան: «Ինչո՞ւ եք ատում երաժիշտներին»,-հարցրեց պապս: «Որովհետև երբ ես փոքր էի, իմ մորաքույրը զզվելի կենվոր ուներ, ով թքում էր հատակին: Այդ մարդը Լյուդվիգ վան Բեթհովենն էր»,-պատասխանեց ծեր կինը: Փաստորեն, հայրս հանդիպել էր մի մարդու, ով տեսել էր Բեթհովենին: Ի դեպ, այս պատմությունը հայրիկիցս շատ եմ պատմում:

Գրքեր՝ երեխաների համար

Գրքեր եմ գրում երեխաների համար: Ափսոս, դեռ հայերեն չեն թարգմանվել, շատ լավ կլիներ: Երբ իմ տղան փոքր էր, ես որոշեցի նրա համար գիրք գրել, որովհետև նա շատ հետաքրքրված էր երաժշտությամբ: Ես չկարողացա որևէ գիրք գտնել, որը կհավանեի ու դրա փոխարեն ինքս գրեցի: Այն հաջողություն ունեցավ: 15 լեզվով թարգմանվեց, բայց ոչ՝ հայերեն: Ինձ խնդրեցին երկրորդն էլ գրել, ինչն էլ արեցի:

Որդիս երաժիշտ չէ, փոխարենը՝ ընկերուհին է շատ լավ ջութակահար: Նրա շատ ընկերներ երաժիշտներ են: Նա հիմա ցանկանում է Լոնդոնում բիզնես ստեղծել, որը կօգնի երիտասարդ երաժիշտներին: Նա ցանկանում է երաժիշտներին օգնել փորձեր անելու տարածքներ գտնելու հարցում: Դա մշտապես խնդիր է: Հուսամ՝ բիզնեսը կաշխատի: Միգուցե Հայաստան էլ գա:

Առաջիկա ծրագրեր

Հայաստանից հետո գնում եմ Գերմանիա, Ճապոնիա, Իսպանիա, ԱՄՆ և այլ տեղեր..համերգները շատ են, ինչպես միշտ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի

 

 

 

 

 

 

 

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am