ՀՅԴ-ն առաջարկվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում տեսնում է դրական փոփոխություններ

Armenpress 21:09, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը գործող Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակում գործող օրենսգրքի համեմատ դրական փոփոխություններ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Դանիել Իոաննիսյանի՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ ԱԺ-ում քննարկումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

«Հանդիպումն օգտակար էր: Մենք նախապես քննարկում արել էինք և ներկայացրինք մեր մոտեցումները: Ներկայացրինք երեք առաջարկություն: Եվ դրանց մերժումը ուներ մեկ բացատրություն՝ մինչ դեկտեմբերին չենք հասցնի դրանք անել, ժամկետները սեղմ են»,- ասաց Ռուստամյանն ու հավելեց՝ իրենք հենց դրա համար է, որ դեմ են դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: 

Իրենց առաջարկներից մեկը վերաբերել է բաց կամ փակ ցուցակներին: Առաջարկել են ընտրությունների արդյունքներով կուսակցությունների խորհրդարան մուտքի քվեների շեմը նվազեցնել: Առաջարկել են նաև տարբերակ, որի միջոցով ընտրությունների ժամանակ պիտի արձանագրվեին ոչ միայն կեղծիքները, այլ նաև դրանց ծավալը, ինչը թույլ կտար դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները: 

«Այնուամենայնիվ, ցանկացած առաջարկած քայլ մենք միշտ էլ ողջունել ենք: Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ցանկացած դրական առաջընթաց մենք պետք է ողջունենք: Օրինակ՝ կա ռեյտինգային կարգից հրաժարում, անցողիկ շեմի իջեցում: Համեմատած գործող Ընտրական օրենսգրքի՝ առաջարկվող փաթեթում դրական փոփոխություններ առկա են»,- նշեց խմբակցության ղեկավարը:

 Կողմ կամ դեմ քվեարկելու համար ՀՅԴ-ն իր քննարկումը կանի երկուշաբթի ու կհայտնի այդ մասին: 

Ռուստամյանը հույս հայտնեց, որ իրենց երեք առաջարկները նորից քննության առարկա կդարձնեն: Նա նորից շեշտեց՝ կառավարությունը դրանք չի ընդունում ոչ թե մերժելու, այլ ժամկետների մեջ չտեղավորվելու տրամաբանությամբ: Ռուստամյանը նշեց՝ դրա համար էլ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դեկտեմբերին հապճեպ են համարում:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանության է տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկել է  ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին  փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ  Զեյնալյանին հանձնարարել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ  քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետ: Նրանք, ըստ էության, հոկտեմբերի 16-ին քննարկումներ ունեցան ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների հետ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am