Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը

Armenpress 11:05, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք քննիչները լուսադեմին ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով  սկսված խուզարկությունը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: 

Խուզարկությունը տևել է 9 ժամ 10 րոպե, որի ընթացքում խուզարկվել է, ինչպես հյուպատոսարանի շենքը, այնպես էլ բակն ու հողային տարածքը:

Քննիչները  փորձաքննություն անցկացնելու համար ԴՆԹ նմուշներ են վերցրել:

Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում անհետացած լրագրողը:

Ջամալ Հաշքաջիի անհետացման գործով հետաքննություն իրականացնող թուրքական ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ սաուդացի լրագրողը սպանվել է: 

Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը պնդում է, որ լրագրողը դուրս է եկել հյուպատոսության շենքից ապա նոր անհետացել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am