Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի նոր մարզպետներ կնշանակվեն

Armenpress 23:04, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում կնշանակվեն Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարզպետների նշանակման հետ կապված երեք հարցերը ներառված են նիստի օրակարգում:

Ըստ կառավարության համապատասխան որոշումների նախագծերի՝ ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության  160-րդ հոդ­­վածի 2-րդ մասով` Դավիթ Գևորգյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզ­պետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:

Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի 2-ին` «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին  աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am