Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն սկսեց Վահան գյուղի պաշտպանական դիրքերից

Armenpress 20:42, 15 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն անցկացրեց Ճամբարակ համայնքի Վահան գյուղի պաշտպանական դիրքերում եւ Ճամբարակ քաղաքում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, ՀՀ ԶՈւ Վահանի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վիգեն Սիմոնյանը, Ճամբարակի համայնքապետարանի եւ Վահանի զորամասի պատասխանատու աշխատակիցներ: Վահանի զորամասի հրամանատարը տեղում մարզպետին ներկայացրեց զորամասի առօրյա եւ առաջնահերթ խնդիրները, միաժամանակ հավաստելով, որ առաջնագծում լիովին վերահսկվում է իրավիճակը: Պաշտպանական դիրքերում մարզպետ Գնել Սանոսյանը զրուցեց դիրքապահների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին ու առօրյա խնդիրներին, շրջայց կատարեց դիտակետերում:

«Այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր տղաներին մեր երկրի սահմանները պահելու համար, մասնավորապես, այս պարագայում մեր մարզի սահմանները պահելու համար: Եվ այստեղ ենք, որպեսզի մեր զինվորներին, մեր սպայական կազմին ասենք, որ մարզը, մարզպետարանը եւ մարզպետը ցանկացած պահի պատրաստ են աջակցել, օգնել մեր զինվորներին:

Մենք պետք է առավելագույն ուշադրությունը սեւեռենք պաշտպանական հիմնախնդիրներին: Հնարավոր է, որ առանձին համայնքներում սոցիալ-տնտեսական որոշակի հիմնախնդիրների լուծումը ինչ-ինչ պատճառներով ուշանա, սակայն առաջնագծում ծառայող զինվորը պետք է որեւէ խնդիր չունենա: Շատ շուտով մենք կհասնենք նրան, որ մեր ամեն մի քաղաքացին անձամբ զգա դրական փոփոխությունները, այդ թվում՝ նաեւ զինծառայողները: Իրար հանդեպ միշտ եղեք հարգալից ու սիրալիր՝ միշտ հիշելով, որ ձեր թիկունքում ձեր ընտանիքի անդամներն են, ձեր հարազատները:

Իսկ մենք առավել պետք է մտահոգվենք ձեր անվտանգության բարձրացմամբ, ծագող հիմնախնդիրների կարգավորմամբ: Այսօր ես ձեզ պաշտպանական դիրքում տեսա միանգամայն մարտական տրամադրությամբ, այդ տրամադրությամբ էլ ուզում եմ սկսել իմ առաջին աշխատանքային օրը»,- դիրքապահ հրամանատարին ու զինվորներին դիմեց մարզպետը: Ապա` Գնել Սանոսյանն այցելեց Վահան գյուղի Պանթեոն, որտեղ ծաղիկներ դրեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում եւ Արցախյան ազատամարտում զոհված վահանցի քաջորդիների շիրիմներին: Վահանի մանկապարտեզում մարզպետը ծանոթացավ հաստատության պայմաններին եւ առօրյա խնդիրներին, զրուցեց տնօրենի եւ աշխատակիցների հետ:

Տնօրենի ներկայացմամբ՝ մանկապարտեզ է հաճախում նախադպրոցական տարիքի 44 երեխա, որոնց թիվն առաջիկայում կարող է ավելանալ, եթե հաջողվի շենքային նոր պայմաններ ստեղծել: Մարզպետը տեղում ծանոթացավ նաեւ Վահանի աղբավայրի փակման աշխատանքներին: Ինչպես տեղում ներկայացրեց Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, Վահանի աղբավայրի փակման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին, իրականացվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Հին աղբավայրը լիովին փակվում է, տեղում կատարվելու է ծառատունկ, իսկ նոր աղբավայրը կգործի ժամանակավորապես, մինչեւ որ Հրազդանում գործարկվի կոշտ թափոնների վերամշակման գործարանը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Ճամբարակ քաղաքում մարզպետն այցելեց զբոսայգու շինհրապարակ, որը վերակառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Մարզպետի այցի վերջին կանգառը Ճամբարակ քաղաքի բռնցքամարտի խմբակում էր, որտեղ այս պահին մարզվում է 97 բռնցքամարտիկ: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ կարճ ժամանակի ընթացքում քաղաքի բռնցքամարտի թիմը գրանցել է լուրջ ձեռքբերումներ՝ տալով Հայաստանի չեմպիոն եւ Եվրոպայի առաջնության մասնակից երկու թեկնածուներ: «Ձեռքբերումներն ավելի ակնառու կլինեն, եթե կարողանանք ստեղծել շենքային ու մարզումային բավարար պայմաններ, ինչի ուղղությամբ եւս մտածում ենք, համարժեք քայլեր փորձում ձեռնարկել, սակայն աջակցության խիստ կարիք ունենք»,- նշեց համայնքի ղեկավարը: Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզպետը նշեց, որ ճամբարակը, որպես սահմանամերձ համայնք, մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում, իսկ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մարզպետարանի հնարավորությունների սահմաններում, ստանալու են համապատասխան աջակցություն: «Ճամբարակի խնդիրները ավելի շատ են, քան մարզի այլ տարածաշրջաններում է: Սակայն, ի ուրախություն բոլորիս, կարող եմ ասել, որ Ճամբարակը աշխույժ աշխատանքային իրավիճակում է:

Ծրագրեր կան բավականին, որոնք ընթացքի մեջ են: Նաեւ ծանոթացանք տարիներ ի վեր կուտակված խնդիրներին: Այս ամբողջ տեղեկատվությամբ կգնանք, կսկսենք աշխատել, որպեսզի այն խնդիրները, որոնք դեռեւս լուծում չեն ստացել, լուծենք, իսկ այն աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են, բարեհաջող շարունակենք եւ ավարտենք: Այսօր ես Ճամբարակում տեսա աշխատանքային եռանդ, նկատելի ձեռքբերումներ: Մենք կանենք հնարավորը, որպեսզի ավարտի հասցվեն սկսված ծրագրերը, նոր նախաձեռնություններն ստանան պետական բավարար աջակցություն: Լիահույս եմ, որ համատեղ ուժերով մենք առաջիկայում կգրանցենք տեսանելի դրական արդյունքներ»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am