Արա Սաղաթելյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանի աշխատանքներին

Armenpress 17:39, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական եւ վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը:

Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ համագործակցող Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային փորձի փոխանակման նպատակով խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողովը Երեւանում անցկացնելու հարցը, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի կներկայացվեն նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերջին տարիներին իրականացված նորամուծությունները եւ առաջադեմ փորձը: Աշխատաժողովին մասնակցելու իր պատրաստակամությունն է հայտնել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am