Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը

Armenpress 13:13, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է իր քաղաքական ապագային, հաղորդում է երկրորդ նախագահի գրասենյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ցանկանում է աջակցել քաղաքական համակարգում հավասարակշռության ակտիվ ձևավորմանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում դա անել, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է.

«Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում. դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է»։

Նա հավելել է, որ ամենակարևորն իր  համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք իր համար ինքնանպատակ չի եղել։ «Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am