Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքները. Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել

Armenpress 10:30, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

«Սկսում ենք խոսել արդյունքներից: Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որն ավելի քան 7800 ճոպանուղիների և տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»,-նշել է Մանե Ադամյանը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել  Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am