Շիրակի դատախազը հայտնում է մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման աճի մասին

Armenpress 21:30, 10 Հոկտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում այս տարվա առաջին ինն ամիսներին նախրդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: Այս մասին Շիրակի մարզային խորհրդի հոկտեմբերի 10-ին կայացած նիստի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Բոլորս քաջատեղյակ ենք, ինչ քաղաքականություն է որդեգրված այդ համատեքստում, իրավական մարմինների դերն ու խնդիրը որն է: Անզիջում պայքար է տարվում կոռուպցիայի դեմ: Անցած տարվա ու այս տարվա արդյունքները համեմատելով՝ փաստերը բավական մտահոգիչ են»,- նշեց դատախազը: «Վատ է, որ մարզում կան նման դրսևորումներ: Անհասկանալի են այն դրսևորումները, որոնք կրել են շարունակական ու մշտական բնույթ. որպես օրինակ՝ սերմերի հետ կապված չարաշահումները:

19 քրեական գործ է հարուցվել, ուսումնասիրություն է կատարվել 50-ից ավել համայնքում. պատկերը նույն է բոլոր համայնքներում: Մարզում ձերբակալվել են համայնքների ղեկավարներ, այնուհետև պետությանը պատճառած վնասը վերականգնելուց հետո, նրանք արգելանքից ազատվել են»,- նշեց դատախազը՝ հավելելով, որ այսուհետ նմանատիպ համայնքների ղեկավարները չպետք է պատժվեն միայն պետությանը պատճառած վնասը վերականգնելով, այլ նաև, օրինակ, համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելով: «Նման փաստ արձանագրելու դեպքում գնալու եմ այդ քայլին»,- հավելեց դատախազը:

Նա հորդորեց մարզի այն համայնքների ղեկավարներին, ում նկատմամբ կան հարուցված գործեր ՝ սեղմ ժամկետներում վերականգնել պատճառած վնասները, հակառակ պարագայում, կան մեխանիզմներ դա ստիպելու կամ պաշտոնավորումը դադարեցնելու: Դատախազը նաև խոսեց մարզի տարածքում գործող որոշ կառույցներում չարաշահումների և կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am