ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա

Armenpress 10:17, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի (Ինդոնեզիա), որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2018 թ տարեկան հանդիպումներին և պլենար նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, բացի պլենար նիստից, նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունը ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվելու են տարածաշրջանային տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների հանդիպմանը։

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դոռնբոշի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեի հետ:

Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի և այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am