Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Armenpress 17:52, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Տուդոր Ուլյանովսկիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարների ուշադրության կենտրոնում են եղել երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Երկուստեք ընդգծելով վերջին շրջանում հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն:

Զոհրաբ Մնացականյանն իր մոլդովացի գործընկերջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների գործընթացը։ Ընդծելով նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման օրակարգը որպես կառավարության ծրագրային առաջնահերթություն՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է այս ուղղություններով երկկողմ համագործակցության խթանումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման շուրջ զրույցի համատեքստում՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել այդ շրջանակներում նախատեսվող որոշումների և փաստաթղթերի վերաբերյալ:

Զրուցակիցները որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության կարևոր հարթակ նշել ենն բազմակողմ ձևաչափը՝ այդ առնչությամբ մասնավորապես առանձնահատուկ ընդգծելով Արևելյան գործընկերության շրջանակը։

Նախարար Մնացականյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներն ու առաջնահերթությունները միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ, անդրադարձ կատարել  հայկական կողմի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am