«Ռեֆորմիստների» կուսակցությունը կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Armenpress 15:38, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Ռեֆորմիստների» կուսակցության հայտարարությունը.

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առկա ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին մեր քաղաքացիների կողմից արտահայտված հրապարակային ցանկությունը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, իր ծրագրային դրույթներում ունենալով կայունության և պետականամետության բարձր սկզբունքներ, կողմ է արտահայտվում Ազգային Ժողովի վաղաժամկետ արձակմանը և դեկտեմբերին Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ ձգտելով երկրում հաստատել ժողովրդավարական արժեքներով կառավարվող պետական համակարգ:

Ռեֆորմիստների կուսակցությունը միաժամանակ հույս է հայտնում, որ երկրի համար այս բախտորոշ փուլում բոլոր քաղաքական ուժերին կհաջողվի երկխոսության  և փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել Ազգային Ժողովի նոր ընտրություններ և ձևավորել ժողովրդի կամքը արտահայտող նոր խորհրդարան»:                                                                                 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am