ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Armenpress 01:19, 7 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  Հանրապետության  քննչական  կոմիտեի  Երևան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 6-ին,  Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում  հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով  «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am