Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Armenpress 17:36, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել` հավատարիմ մնալով Արգենտինայի ազգային օրենքին, որով ամեն տարվա ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության հայտարարվում է «ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է asbarez.com-ը:

«Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կետերից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ուստի  նահանգների հավատարմությունը ոչ միայն հանրօգուտ գործողություն է, այլեւ դրանով ամրագրվում է հավատարմությունը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մարդկային ողբերգությունների դատապարտմանը, որոնք սերտորեն փոխկապակցված են ավելի ուշ տեղի ունեցած դեպքերի հետ: Տուցումանի այս կարեւորագույն քայլը միտված է դրան», - ասել է Արգենտինայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Նիկոլաս Սաբունջյանը:

Բանաձևի նախագիծը ներկայացրել են օրենսդիրներ Օսվալդո Մորելին, Իռեն Մեդինան, Սանդրա Մենդոսան և Սառա Ասանը: Տուկումանը դառնում է Արգենտինայի 21-րդ նահանգը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am