Դավիթ Տոնոյանը հայկական երկու պետությունների զինված ուժերի համագործակցության շրջանակներում այցելել է Արցախ

Armenpress 14:26, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 5-ին  ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ երի ԳՇ պետը Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել է հրամանատարական կազմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։  Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am