Գլենդելի դպրոցներից մեկում հայ և մեքսիկացի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Armenpress 22:09, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի դպրոցներից մեկում ծեծկռտուք է եղել հայ և մեքսիկացի աշակերտների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը:

Լուրը սկզբում տարածվել է սոցիալական ցանցերում, ապա պարզ է դարձել, որ ծեծկռտուքը սկսվել է երկու աշակերտի միջև, ապա ներգրավվել է տասնյակից ավելի աշակերտ: Այն դպրոցի տնօրինությունը, որտեղ սովորում են աշակերտները, ոստիկանություն է կանչել:

Գլենդելի ոստիկանության խոսնակ Դեն Սեթլզը նշել է, որ ոչ ոք չի տուժել, զենք չի կիրառվել և միջադեպն արագ հարթվել է:

Ոստիկանությունը դեռևս չի պարզել ծեծկռտուքի պատճառը, սակայն աշակերտները մասնավոր զրույցներում նշել են, որ այն երկու խումբ աշակերտների միջև է եղել:

Օրվա կեսից՝ միջադեպի պատճառով, դասերն ընդհատվել են, փակվել հարակից տարրական և միջնակարգ դպրոցները՝ որպես անվտանգության լրացուցիչ միջոցառում:

«Մենք արագ կապ հաստատեցինք համայնքի մեր գործընկերների հետ: Միջադեպը ոստիկանության օպերատիվ գործողությունների  շնորհիվ արագ հարթվեց: Արտակարգ իրավիճակներում մենք պետք է կարողանանք ճկուն լինել»,- ընգծել է Գլենդելի դպրոցների միացյալ մարմնի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերտսոնը:

Նրա խոսքով՝ աշակերտների միջև հակասությունը վերացնելու և խնդիրը հասկանալու համար դպրոցն առաջիկայում կլինի կրթօջախների ղեկավար մարմնի ուշադրության առանցքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am