Իրանագետի համոզմամբ, Սիրիան այն «կարմիր գիծն» է, որից Իրանը չի հրաժարվելու

Armenpress 13:42, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը երկու երկրների միջև փոխադարձ սպառնալիքների, հնչեցված մեղադրանքների ու միմյանց դեմ ուղղված գործողությունների շարունակությունն է: Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Իրանը, դիմելով ՄԱԿ-ի միջազգային դատարան, փորձեց վիճարկել ԱՄՆ-ի պատժամիջոցները: ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: Մասնավորապես, ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին  և քաղաքացիական ավիացիային:

«ԱՄՆ-ի այս քայլը պատասխանն էր Իրանին ՄԱԿ-ի դատարան դիմելու համար: Ցույց է տրվում, որ պատրաստ է հակադարձ գործողություններ իրականացնել: ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը Իրանում համարում են դիվանագիտական մեծ հաղթանակ, չնայած դատարանի որոշումը հումանիտար ոլորտին է վերաբերում, ունի մարդասիրական նպատակ»,-ասաց Արմեն Իսրայելյանը: Սա արվում է այն ֆոնին, երբ փորձ է կատարվում Իրանին Մերձավոր Արևելքում մեկուսացնել:

«Մերձավոր Արևելքում Իդլիբի շուրջ զարգացումներ կան, փորձ է արվում Իրանին մեկուսացնել, թուլացնել նրա դիրքերը Մերձավոր Արևելքում: Վերջին օրերին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած հրթիռակոծությունն այն ցուցիչներից մեկն է, որ Իրանը փորձում է հստակ ընդգծել մի բան՝ պայքարելու է: Սիրիան այն կարմիր գիծն է, որից Իրանը չի հրաժարվելու»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Խոսելով առկա զարգացումների համատեքստում Հայաստանի անելիքների մասին, իրանագետը նշեց, որ մենք պետք է շարունակենք այն օրակարգը, որն ունենք Իրանի հետ:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերը, միջազգային զարգացումները պետք է այլ համատեքստում դիտարկել: Մասնավորապես, խնդրին միայն չնայել այն տեսանկյունից, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները ինչ բացասական ազդեցություն կթողնեն, այլև այն մասով, թե ինչ դրական զարգացումներ կան Իրան-ԵՄ հարաբերություններում ու ինչպես կարող ենք օգտվել դրանից: Իսկ այդ դրական զարգացումները կան, օրերս Իրանի ԵՄ-ի պայմանավորվածություն եղավ բանկային փոխանցումների ոլորտում: Այսինքն՝ մենք փորձենք այդ դրական համագործակցությունից օգտվել»,-ասաց նա: Արմեն Իսրայելյանն ընդգծեց, որ մեծ հաշվով Իրանի արտաքին առևտրում ԵՄ-ն ավելի մեծ մասնաբաժին ունի, քան ԱՄՆ: Միլիարդավոր դոլարների շրջանառություն կա Իրանի և ԵՄ մի շարք անդամ երկրների հետ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:

ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին  և քաղաքացիական ավիացիային: Բացի այդ, դատարանը կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակասությունների խորացմանը: Բոլոր որոշումները դատավորների կողմից ընդունվել են միաձայն:  Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան էր դիմել հուլիսի 16-ին: Իրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի պայմանագրի պայմանները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am