Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին 

Armenpress 21:53, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱն, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմին հրահանգել է պատրաստել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղում ստորագրելով այդ կուսակցությունները ներկայացնող նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման որոշումները:

«Այսօր մենք պետք է խոսենք Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի և դրա լուծումների մասին: Երեկ և այսօր, հապճեպ կերպով ՀՀԿ-ական Ծառուկյան դաշինք և ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ, այո, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն` հայ ժողովրդի նկատմամբ: Եվ ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման որոշում ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվելու են: Եվ նրանք, ըստ էության, այս պահից համարվում են ազատված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am