Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի որոշումը պատկերացնում է խորհրդակցությունների միջոցով

Armenpress 14:36, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վերահաստատում է իրենց աջակցությունը խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի նախաձեռնությանը: Նրա կարծիքով՝ ընտրությունների կոնկրետ ժամկետը պետք է որոշվի վարչապետի հետ խորհրդակցությունների արդյունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո վարչապետի հաջորդ հանդիպումները լինելու են մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ։  Կհանդիպենք, կխոսենք այդ մասին: Մենք ասել ենք և ասում ենք, որ աջակցում ենք խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի նախաձեռնությանը: Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից և պատրաստ ենք քարոզարշավի, սակայն կան ուժեր, որոնք  ասում են, որ դեռ պատրաստ չեն: Խորհրդակցությունները հենց դրա համար են, դրանց արդյունքում կգանք կոնսենսուսի»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ ավագանու ընտրությունները սովորական ընտրություններ չեն եղել, դրանք եղել են հեղափոխությունը ևս մեկ անգամ արձանագրելու համար, չի եղել ռեալ մրցակցություն, իսկ այս խորհրդարանական ընտրություններին նման օրակարգ չի լինելու:

Մարուքյանը նկատեց նաև՝ ներդրողների համար կա նաև քաղաքական կայունության խնդիր: Պատգամավորի կարծիքով՝ կայունություն կարող է լինել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխող ուժն ունենա հենարան նաև խորհրդարանում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am